Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Գրեթե համլետյան վիճակ

Գրեթե համլետյան վիճակ

Մանկությունը կյանքի ինչպիսի տգեղ ու զարհուր խութերից էլ բեկվի, միևնույն է, էլի մնում է քեզ հետ որպես ամենալուսավորն ու մաքուրը, որովհետև հենց այդպես լուսավոր ու մաքուր ես լինում հենց ինքդ։


Ուրեմն կյանքը արտացոլա՞նքն է մեր հոգու։ Կյանքը արտացոլանքն է մեր հոգու։ Կամ գուցե հակառա՞կը։ Կամ էլ… Ես իհարկե, ցանկության դեպքում, այս գլուխկոտրուկից մի խելոք միտք, գուցե նաև մի քանիսը, դուրս կբերեի. դուք ինձ լավ չգիտեք, բայց, ախր, չեմ ուզում շեղվել. արդեն քայլերս այլ կողմ էի ուղղել` մանկությանս օրերից մեկի տաք ու արևշող գիրկը։  Եվ ուզում եմ իմ այս հեռու-հեռվից հասնել ու կայանել այնտեղ. մի աննյութ ու անէ ուրուի պես։


Ես այն քիչ երջանիկներից եմ, որոնց քայլը երկար դեռ վարանում է ու ոտքը կախ գցում մանկության` անրջանքների ու երևակայության ճոխ ու զառ-վառ փոթերով պճնված ափում։ Ամենակարևորը, որ դա հաջողվում է։


Ու դրա համար իմ այդ մանկություն կոչված հրաշքը շատ երկար ձգվեց, անչափ երկար։ Ճիշտն ասած, եթե չամաչեմ, կարող եմ խոստովանել, որ, գիտե՞ք, մինչև հիմա էլ… Լավ, երևի պետք չէ։


Դառնանք այն օրվան, որտեղ ես գուցե բոլորովին էլ արդեն մանուկ չէի, եթե ժամանակի չափումներով դատենք. մի քիչ այս կողմ էի, բայց քայլում էի թռչելով` մոլորակի ձգողության ուժը բանի տեղ չդնող երեխայի պես, աչքերս բենգալյան կրակների նման հազար կայծ ու շող էին աջ ու ձախ շաղ տալիս` իսկական, ամենաիսկական մանուկի աչքերի պես, ու հաստատ, եթե ոչ իմ շուրջ տաս մետր տրամագծով, ապա գոնե ոտքերիս տակ, այս գունաթափ ու փոշաթավ աշխարհը լրիվ այլ գույներ էր հագնում` վառ ու շողշողուն։


Այն օրը դա հաստատ այդպես էր, որովհետև մայթեզրի երկաթյա ճաղաշարին հենված մարդն էլ դա նկատեց ու հասկացավ, որ այդ թռչող արարածը հենց իր փնտրածն է։ Բոլոր-բոլորի մեջ ահա նա, ով իր մեկնած վիճակախաղի տուփի մեջ ձեռքը կմեկնի մանկան միամտությամբ ու անհոգությամբ, անաչառ ու մտքով անմասնակից, և դուրս կհանի այդ, գուցե թե` ճակատագրի չափ կարևոր պատասխանը։


Գունատ մարդը, որը հուզմունքից նույնիսկ մի քիչ ծեր էր երևում, երերուն քայլերով մոտեցավ ու … գրեթե աղերսանքով տվեց մինչև այժմ ինձ ուղղված հարցերից ամենազարմացրածն ու հիացրածը.


–   Աղջիկ ջան, ես մի տեղ եմ որոշել գնալ. գնա՞մ, թե՞ չգնամ։


–   Ու՞ր եք որոշել գնալ։


–   Դա կարևոր չէ։ Դու միայն ասա` գնա՞մ, թե՞ չգնամ։


–   Հա, բայց…


–   Ոնց ասես` այնպես էլ անելու եմ։


Գուցե ես այդ պահին առաջին անգամ մի քիչ հասունացա, որովհետև այդ մարդու սպասածի պես բոլորովին էլ ձեռքս մանկան միամտությամբ չմեկնեցի վիճակահանության համար։ Ես հասցրեցի շատ կարճ ժամանակահատվածում շատ երկար մտածել։  Ու հասկացա, նաև ինձ համար պարզեցի, որ երջանկությունը նման հարցերի համար պատին չի սեղմում մարդուն։ Երբեք ու երբեք։


Իմ «Մի գնացեք»-ի ունեցած ազդեցությունը մարդու վրա ինձ զարմացրեց ու հիացրեց նույն չափով, որքան նրա հարցը։ Նա պահի մեջ իր` ծերի տեսքից փոխվեց մի կարգին երիտասարդի ու շնորհակալության խոսքեր մրմնջալով և գրեթե թռչելով, ինչպես մինչ այդ ես, խառնվեց անցորդներին։


Ուռռա՜… ես ճիշտ էի պատասխանել։


Հաճախ եմ հիշում այդ մարդուն և, ուզեմ, թե չուզեմ, նաև չեմ հասկանում, թե ինչու՞, երկար սևեռվում եմ նույն հարցի վրա. տեսնես ու՞ր էր գնալու։


Չնայած հենց իմ կյանքն արդեն քանի-քանի անգամներ ինձ դեմ է արել այնքան նման փակուղիների, բայց ես ոչ ոքի, նույնիսկ ինձ էլ չեմ ուղղել իմ «գնամ, թե՞ չգնամը»։ Որովհետև, պարզապես, արդեն գիտեմ պատասխանը, վաղուց եմ գտել. այն օրը` մանկությանս տվայտուն ու անհոգ օրը, երբ ես առաջին անգամ մի քիչ հասունացա։


Բայց տեսնես ու՞ր էր գնալու այն մարդը։

Հեղինակ. ՆԱՆԵ
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. oformlenie.info
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ